ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏՈՎ ՍԿՍՎԵՑ ԹԵԺ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏՈՎ ՍԿՍՎԵՑ ԹԵԺ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
29.06.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհն աննկատ հաղթահարեց ամառային գիշերահավասարը և նույնքան աննկատ շարժվեց դեպի ձմեռ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ԵԽԽՎ հերթական նստաշրջանը կայացավ: Ի տարբերություն այլ նստաշրջանների, այս անգամ Հայաստանում գրեթե օլիմպիական անտարբերություն էր տիրում եվրոպական կառույցի աշխատանքների նկատմամբ, թեպետ քննարկվում ու ընդունվում էին Հայաստանին վերաբերող որոշումներ: Ինչպես ակնկալվում էր` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը հետաձգվեց, համենայն դեպս, մինչև աշուն: Իսկ աշնանը կամ ԵԽԽՎ նախագահը կհասկանա, որ իր նախաձեռնությունն անհող է, կամ հարցի բովանդակությունը փոխված կլինի: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով նոր համազեկուցող ընտրվեց. ֆրանսիացի Ժորժ Կոլոմբիեին, որը ժամկետը լրանալու պատճառով դադարեցրել է գործունեությունը, փոխարինեց շվեդ Գորան Լինդբլադը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այս ընտրությունը «շատ մտահոգիչ» համարեց, քանի որ Շվեդիայի պատվիրակության ղեկավարը, ըստ նրա, մինչ այժմ «բացահայտ հակահայ մոտեցում է դրսևորել»: 2010-ի փետրվարին նա շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որտեղ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում էր պետական հեղաշրջման տարրեր պարունակող:
Հունիսի 25-ին ԵԽԽՎ հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը երկու տասնյակ պատգամավորների ստորագրությամբ շրջանառության մեջ դրեց Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ, որն արձանագրում էր` Հայաստանը չի կատարել 2008-ի ԵԽԽՎ 1609 բանաձևով ամրագրված պարտավորությունները, այդ թվում` որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել մարտյան իրադարձություններում բանակի ներգրավման հետևանքները:
Նախքան համազեկուցողի պարտականությունների դադարեցումը Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտն իրենց մտահոգություններն էին հայտնել հեռարձակման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Նրանք կարծում են, որ բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատել են օրենքը, քանի որ այն սահմանափակում է բազմակարծությունը: Համազեկուցողները հիշեցրել են, որ ԵԽԽՎ-ն բանաձևերում մի քանի անգամ ամրագրել է, որ Հայաստանում զանգվածային լրատվության իրավական կարգավորման բարեփոխումները պետք է ոչ միայն ապահովեն լիցենզավորման թափանցիկ գործընթաց, այլև նպաստեն բազմակարծության ապահովմանը: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, համազեկուցողները համոզված են, որ անհրաժեշտ հանրային վստահություն ընտրական համակարգի նկատմամբ չի կարող ստեղծվել, եթե օրենսգիրքը չի քննարկվել տարբեր քաղաքական ուժերի հետ և հիմնված չէ հնարավորինս մեծ փոխադարձ համաձայնության վրա:
ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի շարունակումը կապում է միայն Հայաստանի դիրքորոշման հետ. «Ամեն ինչ կախված է Հայաստանից: Եթե Հայաստանը հրաժարվի նախապայմաններից, որոնք պարունակվում են Սահմանադրական դատարանի վճռի մեջ, ամեն ինչ դեռ հնարավոր է: Ոչ միայն ես, ամբողջ միջազգային հանրությունն է կարծում, որ քանի դեռ Հայաստանը չի ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները, տարածաշրջանում հնարավոր չէ առաջընթաց»:
Հունիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երկրի զինված ուժերի տոնի առիթով ասել է, որ Ադրբեջանի ռազմական ներուժը հնարավորություն է տալիս կարճ ժամկետում հաջողությամբ լուծելու ցանկացած խնդիր. «Ադրբեջանը չի ցանկանում դիմել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհին, բայց այդ տարբերակը երբեք չի բացառվել»: Նախօրեին Սաֆար Աբիևը հպարտացել էր, որ ադրբեջանական բանակում ամենաժամանակակից զինատեսակները կան, և հնարավորություններ ունեն Հայաստանի տարածքի ցանկացած նպատակակետի հարվածելու:
Նախորդ օրն էլ նախագահ Իլհամ Ալիևն էր զորավարժությունների ավարտին ելույթ ունեցել ու հայտարարել. «Մենք ուրիշ երկրների հողերին չենք աչքադրել: Չնայած ներկա Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Բայց մենք պետք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա մեր բնական իրավունքն է: Խախտվել են Ադրբեջանի մեկ միլիոն քաղաքացիների մարդկային տարրական իրավունքները: Ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտման: Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից վտարվել են Ադրբեջանի հարյուր հազարավոր քաղաքացիներ: Մինչև ե՞րբ մենք պետք է հանդուրժենք: Տնտեսական ներուժի տեսակետից Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեծ անջրպետ կա, որը ժամանակի հետ խորանալու է, որովհետև մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք: Հայաստանն ապրում է արտասահմանից ստացած օգնության հաշվին և ի վիճակի չէ իր հաշվին ապրելու»:
Հերթական անգամ առանց նախարարի մնաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հրաժարական տվեց ևս մեկ նախարար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոալիցիոն համաձայնությամբ վերապահված պորտֆելից ինքնակամ հրաժարվեց Մխիթար Մնացականյանը: 2009-ի նոյեմբերին նախարարի պաշտոնից հրաժարվել էր մեկ այլ ԲՀԿ-ական` Գևորգ Պետրոսյանը: Ինչ պատճառներ էլ ունենան գերատեսչության ղեկավարների իրարահաջորդ հրաժարականները, առավել կարևոր է մեկ այլ հարց` ինչո՞ւ և ինչպե՞ս էին նրանք դարձել նախարար: Մինչ այդ էլ` ինչպե՞ս և ինչո՞ւ էին հայտնվել հենց այդ կուսակցության ընտրացուցակում: Կամավո՞ր ու հոժարակա՞մ: Թե՞ իբրև «կուսակցության զինվոր», որ հրամանները չի քննարկում, կատարում է: Մխիթար Մնացականյանը շատ քիչ կորցնելիք ունի` կշարունակի երաժշտի ու բժշկի իր կայացած կարիերան, իսկ կես տարին մեկ ցնցումների մեջ հայտնվող նախարարության գործունեության արդյունավետության մասին նույնիսկ անհեթեթ է խոսելը: Ինչքա՞ն են շարունակվելու այս փորձերը, չի կարող ասել նույնիսկ ԲՀԿ-ի ղեկավարը, որ բացահայտորեն ընդունելի ու արժանի թեկնածու չունի և հերթական կես տարին մի կերպ գլորող մեկին է գտնելու միայն: Ցավոք:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 18-19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որի պատճառով «մարդկային կյանքի կորուստ է գրանցվել». «Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի և ցանկացած սպառնալիքի կիրառումից և շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԵՄ-ն վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»: Համանախագահներն իրենք հայտարարությամբ «խստիվ դատապարտում են ուժի կիրառումը և ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ»: Շեշտելով, որ բախումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, համանախագահները կարծում են, որ ռազմական ուժի կիրառումը հատկապես այս պահին կարող է դիտվել միայն որպես խաղաղ գործընթացը վնասելու փորձ: Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն և Իգոր Պոպովը կոչ են անում զսպվածություն ցուցաբերել և բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը, այլ ոչ պատերազմի: Բայց ո՛չ ԵՄ-ն, ո՛չ համանախագահները, ո՛չ որևէ այլ կազմակերպություն «Կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր» այլաբանությունից չհեռացան: Պատճառը պատճառների մեջ չխորանալու ու հետևանքները գնահատելու ավանդույթն է գուցե, գուցե այն ենթադրությունը, որ շփման գծում գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» մտայնությունը, գուցե կա այլ տարբերակ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իրավացիորեն համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ արտահայտի իր դիրքորոշումը. «Ռազմատենչ հայտարարություններ անողներին, սադրանքների կազմակերպիչներին և հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտողներին չխրախուսելու առումով ավելի ճիշտ է անուններով խոսել և նշել պատասխանատուներին»: Նախարարը նաև պարզաբանել է. «Մեր շփումների մեջ այդ հայտարարություններն անողներն ասում են` դուք տեսնում եք, որ այդ հայտարարությունները, պարզ է, ում են ուղղված: Պարզ է, որ Հայաստանը չի ռազմատենչ հայտարարություններ, պատերազմի կոչեր անում, Հայաստանը չէր կազմակերպել սադրանքը: Այսինքն` այս հայտարարությունները և կոչերը, առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին»: Որքան էլ անհասցե, նախարարի գնահատմամբ, այդ հայտարարությունները դեղին քարտ էին Ադրբեջանին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հրճվել էր դեղին քարտ «ստանալով»։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջին ժամանակներս իր անմիջական գործունեությանը վերաբերող մեկնաբանությունների փոխարեն նախընտրում է մեկնաբանել ռազմական ոլորտի հարցերը, ընդ որում, օգտագործելով ֆուտբոլային տերմինոլոգիա: Հավանաբար նա չափազանց տարված է ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ», ասել է Պոլուխովը: Թերևս Պոլուխովը վստահ է, որ այդ տերմինոլոգիան օգտագործելու իրավունք տարածաշրջանում միայն Թուրքիային ու Ադրբեջանին է տրված:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Չայլուի զինված բախումը համարեց «ցավալի միջադեպ», որը վկայում է, որ շփման գոտում իրավիճակը լարված է և հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Նրա կարծիքով` անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար, ինչը կնպաստի բանակցությունների ընթացքում լուծումներ գտնելուն:
REGNUM գործակալության հաղորդմամբ` Եվրոպայի հայերի միության դաշնությունից ստացված հայտարարության համաձայն` Եվրոպայի գաղտնի ծառայությունների տեղեկատվությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են ամռան ամիսներին արցախյան սահմանին կազմակերպել միջադեպեր, որոնց հետևանքով կլինեն տասնյակ զոհեր, իսկ հետո կկազմակերպվի կարճատև լայնամասշտաբ պատերազմ` երկկողմանի հազարավոր զոհերով: Պատերազմը կդադարեցնեն գերտերությունները` խաղաղարար զորքեր մտցնելով. Ֆիզուլիում կլինեն ԱՄՆ-ի խաղաղարարները, Քելբաջարում` ՌԴ-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի սկզբին կլինի Երևանում: Այցը տարածաշրջանային է, ընդգրկում է Բաքուն և Թբիլիսին: Իսկ մինչև Հարավային Կովկաս հասնելը ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՈՒկրաինայում ու Լեհաստանում: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտնել է, որ տիկին Քլինթոնը հույս ունի համոզել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսելու ջանքերը Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ և նպաստել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:
Կանադայի Հանթսվիլ քաղաքում տեղի ունեցավ Մեծ ութնյակի վեհաժողովը, ապա նաև` մեծ քսանյակի: G8-ի շրջանակում քննարկվեցին միջազգային անվտանգությունից մինչև կլիմայի փոփոխությունների խնդիրները: Նրանք որոշեցին 5 միլիարդ դոլար հատկացնել աղքատ երկրներում նորածինների մահացության կրճատման հնգամյա ծրագրերին: Europe1 ռադիոկայանի հաղորդմամբ` G8-ի երկրների առաջնորդները համաշխարհային տնտեսության խնդիրների քննարկման ժամանակ փոխըմբռնում են ցուցաբերել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ եկել է բյուջետային դեֆիցիտների նվազեցման ժամանակը` նկատի ունենալով եվրոպական երկրներում պետական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը: G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը: Վարչապետը ստիպված է եղել նախագահին սպասել մինչև կավարտվի ԱՄՆ-Գանա ֆուտբոլային խաղի ավելացված ժամանակը:
ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահներ` նրանք վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին աջակցելու իրենց պարտավորությունը` ավարտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների համաձայնեցումը: «Մենք ողջունում և կարևոր քայլ առաջ ենք համարում երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ հաստատուն կարգավորումը պետք է հիմնված լինի այն սկզբունքների վրա, որոնք պարունակվում են Հելսինկյան եզրափակիչ ակտում, և այն դրույթների վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009-ի հուլիսի 10-ին Աքվիլայի համաժողովում «ութնյակի» հանդիպման ժամանակ: Այդ թվում են` Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի համար ժամանակավոր կարգավիճակը, որ ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշարկումը նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամահայտնությամբ, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադարձի իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները, ներառյալ խաղաղարար գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հիմա պետք է անեն ևս մեկ քայլ և ավարտեն հիմնական սկզբունքների վրա աշխատանքը, որպեսզի հնարավոր դառնա Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակումը: Մենք հանձնարարում ենք մեր նախարարներին և համանախագահներին շարունակել ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունները հաղթահարելու համար Ալմա Աթայում ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական համաժողովի նախապատրաստման ընթացքում»:
Իսկ շաբաթվա կարևոր իրադարձությունը ՀՀ նախագահի պաշտոնական այցն էր Գերմանիայի Դաշնություն, որի կանցլերի հետ հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիսում, ի շարս տնտեսական հարաբերությունների, երկկողմ կապերի, վիզաների հեշտացման և այլ հարցերի, արծարծվել են և Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Անգելա Մերկելն ասել է, որ երկկողմ հարաբերությունների գործընթացը հետաձգվեց, բայց վստահաբար խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ լուծված կլինի ԼՂ խնդիրը: Գործնականում Գերմանիան երրորդ երկիրն է, որը Թուրքիայից ու Ադրբեջանից հետո հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ խնդրով:
Բեռլինում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ՀՀ նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով` Հարավային Կովկասի ներկայի ու ապագայի մասին: Ելույթը, քաղաքական բաց ու գնահատող արձանագրումներին զուգահեռ, ունի և կանխատեսումներ, և բազում պատասխաններ առկա ու ձևավորվելիք հարցերին: Վստահաբար` Կոնրադ Ադենաուերի օրինակը առավելագույնս ներշնչող է եղել, որովհետև ՀՀ նախագահի խոսքը ոչ միայն համոզիչ է դարձրել, այլև համարյա անկեղծ: «Ավելի քան 3000 կմ երկարությամբ միջազգային սահման կա Կովկասում, և ես ցավով եմ արձանագրում, որ այս սահմաններն ավելի շատ բաժանում, քան միավորում են մեզ», ասել է Սերժ Սարգսյանը և հիշեցրել, որ սառը պատերազմի ավարտը աշխարհի մեծ մասին կայունացում ու խաղաղություն բերեց, իսկ Հարավային Կովկասում սառը պատերազմի ավարտով սկսվեց թեժ հակամարտությունների ժամանակաշրջանը: Այնուամենայնիվ, «Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն` գիտակցել և տեսնել ապագան` «ընդհանուր հորիզոնը»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ